ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ավելի լավ չէ՞ լռել

Ավելի լավ չէ՞ լռել
25.07.2008 | 00:00

ԻՍԿ Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ…
ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նախկինում շատ էր զայրանում մամուլում հրապարակվող այն նյութերից, որոնցում լրագրողները «համարձակվում էին» քննարկել դոլար-դրամ խաղիկները, կամ երբ որոշ տնտեսագետներ բացահայտ էին խոսում այն մասին, որ փլատակների վերածելով ՀՀ տնտեսությունը` որոշ մոնոպոլիստներ նաև ԿԲ-ի օգնությամբ են երկիրը հասցնում «ներկրում» կոչվող ասեղի վրա նստած հիվանդի վիճակին…
Այն ժամանակ Տիգրան Սարգսյանը, ում գործունեության հաշվետվությունը, ի դեպ, անգամ ԱԺ-ն էր միայն ի գիտություն ընդունելու մակարդակում «քննարկում» (եթե, իհարկե, քննարկում էր), ներկայիս իր դասախոսի կեցվածքով բոլորին բացատրում էր, որ ԿԲ-ն այդտեղ ոչ մի կապ չունի, որ իրենք ընտրել և շարունակելու են ոչ թե ֆիքսված, այլ լողացող փոխարժեքի քաղաքականությունը, և որ քննադատողներն առհասարակ լավ կանեն դադարեն այդ թեմայով իրենց հոգնեցնելուց…
Լավ է ասված, իհարկե, բայց թե հիմա արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրությանն ու հատկապես սպասման մեջ եղող գյուղական համայնքներին ինչպե՞ս է բացատրելու այն հանգամանքը, որ տարիներ շարունակ իր «լողացող կուրսի» արդյունքում ամբողջովին չի կատարվելու «Հազարամյակի մարտահրավերների»` առանց այդ էլ քաղաքական պատճառներով վտանգված ծրագիրը, հայտնի չէ:
Ի՞նչ կա որ. մարդիկ հանգիստ են: Նույնքան հանգիստ էլ հաղորդագրություններ են տարածում այն մասին, որ երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ««Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և որի ընթացքում մի շարք հարցերից բացի քննարկվել են նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի մոնիտորինգի և գնահատման բաղադրիչի շրջանակներում գյուղատնտեսական գործունեության հետազոտության հաջորդ փուլերի համար խորհրդատվական ծառայությունների մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները:
Բարդ նախադասություն ստացվեց, չէ՞: Ոչինչ: Կարևորն այն է, որ մենք ձեզ հետ միասին այնքան էլ հիմար չենք, ինչպես դա մեր կառավարությանն է թվում, և հասկանում ենք, որ իրականում տեղի է ունենում հետևյալը. 2006թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն` այս տարի նախատեսվում էր 108590000 ԱՄՆ դոլարի շրջանակներում իրականացնել 7 ջրամբարի, 6 մայր ջրանցքի, 18 ինքնահոս համակարգի, 68 պոմպակայանի, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի և երրորդ կարգի ջրանցքների վերականգնման շինարարական աշխատանքներ, ինչպես նաև բնապահպանական-սոցիալական ազդեցության գնահատում, այդ աշխատանքների նախնական և վերջնական նախագծում: Աշխատանք, ինչը, ըստ էության, ամբողջությամբ չի արվելու, քանի որ վարչապետ դառնալուց հետո Տիգրան Սարգսյանը պարզել է, որ…վերջին երկու տարիներին ԱՄՆ դոլարի արժեզրկումն ու շինարարական ապրանքների, աշխատանքների գնաճը պատճառ են դարձել, որ նախատեսված գումարով այժմ հնարավոր չի լինի «իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները»: Ո՞րն է ելքը, պարզ է: «Հաշվի առնելով վերոնշյալը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը և ՀՄԿ-ն, ՀՄԿ-ի մասնագիտացված փորձագետ «Ջեյկոբս» ընկերության հետ համատեղ, եկել են համոզման, որ անհրաժեշտ է վերանայել ծրագիրը` այն նվազեցնելով և համապատասխանեցնելով առկա գումարի շրջանակներում իրականացման հնարավոր ծավալներին», ասված է հաղորդագրության մեջ: Եվ ոչ մի խոսք այն մասին, թե ինչքան է այն նվազեցվելու, որ համայնքի հաշվին, ով է սրա համար պատասխանատու և այլն: Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս նյութը կարդալուց հետո կառավարությունում հերթական անգամ մեզ կմեղադրեն տգիտության մեջ և հերթական մի «շատ խելացի» ձևակերպում կգտնեն, իբր` իսկ ի՞նչ ասեն այն քաղաքացիները, որոնք սրանից մի քանի տարի առաջ շատ ավելի թանկ գներով վաճառեցին իրենց բնակարանները, քան այժմ են վաճառում: Այլ խոսքերով` շուկան առաջ է գնում, և անհնար է պլանավորել այն:
Համաձայն ենք, այդպես է: Բայց միայն՝ եթե իսկապես երկրում ազատ շուկա կա: Իսկ եթե խոսքը վերաբերում է տարիներ շարունակվող օրինաչափությանը, որ է` դրամի արժևորում կոչված խայտառակության միջոցով հարստահարել մեր քաղաքացիներին, արմատից կտրել արտահանում կոչվածն ու կանգնել ահա այսպիսի «վերանայումների» առաջ, կներեք, բայց սա արդեն մեր հնարավոր կամ անհնար տգիտության հետ կապ չունի: Եվ ավելի ճիշտ կլինի գոնե լռել, ոչ թե դեռ մի բան էլ հոխորտալ…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 11398

Մեկնաբանություններ